Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում է դտվել՝ ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին դատավորների ընդհանուր ժողովից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Խուդկարյանը պարզաբանեց Տավարցյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նշեց, որ Տավարացյանը 2018թ. նոյեմբերի 8-ին կազմակերպված ընտրությունների արդյունքում օրենքի ուժով ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել է երդվել որոշակի հանգամանքներից ելնելով։

«Որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով Նախշուն Տավարացյանը, ցանկանալով ապահովել դատական համակարգում համերաշխությունը, հայտնեց, որ չի ցանկանում երդում տալ և հրաժարական կներկայացնի ԲԴԽ–ին։ Դրանից հետո ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ և համապատասխան հրաժարական ներկայացրած դատավորը հրավիրվել էր այդ նիստին։ ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև տիկին Տավարացյանը չերդվի՝ նրա հրաժարականի հարցին անդրադարձ չի կարող լինել։ Այսօր Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկազբունքը նորից երդում տվեց»,- հայտարարեց նա։

Խունդկարյանի խոսքով՝ ԲԴԽ–ն նիստ պետք է հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։

Նշենք, որ ընդհանուր ժողովի այսօրվա նիստում Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանից և Ռուբեն Վարդազարյանից ԲԴԽ անդամ դառնալու համար հանդիսավոր կերպով երդվել է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։

Ավելի վաղ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն։