Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանն ավելի մեծ հարված, քան դատավոր Նախշուն Տավարացյանի «օդից վերցված» երդումն էր որպես ԲԴԽ անդամ, ուղղակի դժվար էր մտածել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ինչու՞ օդից վերցված։ Քանի որ՝

ա) երդման հիմք հանդիսացող ընտրությունը տեղի էր ունեցել անցյալ նոյեմբերին։ Ութ ու կես ամիս առաջ։

բ) հաղթած հայտարարված թեկնածուն՝ դատավոր Տավարացյանը դեռ ամիսներ առաջ ընդհանուր ժողովում բանավոր, այնուհետ նաեւ գրավոր ձեւով հստակորեն հայտարարել էր իր կամքը՝ չլինելու ԲԴԽ անդամ։

Իհարկե, կլինեն սյուռռեալիստական ինչ-ինչ մեկնաբանություններ առ այն, որ եթե անգամ, ապա մինչդեռ։ Այնուհանդերձ, բանականությունը, տրամաբանությունը, էթիկան դեռ ոչ ոք չի բեկանել։

Ի դեպ, տիկին Տավարացյանը 2018-ի նոյեմբերին հաղթող էր ճանաչվել բացառապես գենդերային հիմունքով՝ որքան հիշում եմ, 22 (!) ձայնով։ Մինչդեռ մյուս երկու թեկնածուները ստացել էին մոտավորապես 110-120 ձայն՝ 5-6 անգամ ավել»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա 9 ամիս առաջ հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց։