2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները. այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության պայմանագրի ժամկետը նվազեցվում է. ըստ նախագծի, որ ներկայացրեց պաշտպանության նախարարը, այն 3-ի փոխարեն կլինի 2 տարի 3 ամիս։ Տարկետման իրավունք կստանան նաեւ միջին մասնագիտական հաստատություների՝ ուսումնարանների եւ քոլեջների ուսանողները։

Հոսանքի երեկվա համատարած խափանումներին էլ անդրադարաձ եղավ, խնդրով կզբաղվի ԱԱԾ-ն, Վանեցյանը հանձնարական է տվել։

Զոդի սարսափելի վթարից տուժած 20-ամյա աղջիկը երեկ մահացավ՝ զոհերի թիվը հասավ 7-ի։ Իսկ այսօր՝ վթարից միայն 5 օր անց, հայտնի դարձավ զոհերից մեկի ինքնությունը՝ Երասխ գյուղի բնակիչ 55-ամյա Սոֆյա Ոսկանյան․ նրա դին ճանաչել են ԴՆԹ հետազոտությամբ։

Այս ողբերգությունները տուգանքներով հնարավոր չէ կանխել, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կարգազանց վարորդներին հեռացնել երթեւեկությունից։

Կառավարության բակում էլ ցույցերի օր էր, ինչպես ամեն հինգշաբթի։ Այստեղ էին բանկից, արդարադատությունից, տարածքների իրացումից դժգոհողներ, եւ առհասարակ դժգոհողներ։

Այսօր դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Երկու թափուր տեղերի համար առաջադրվել էր 11 թեկնածու։ Մի քանի ժամ քվեարկելուց, արդյունքեր ամփոփելուց հետո հայտարավեցին ԲԴԽ նոր անդամների անունները՝ Ռուբեն Վարդազարյան եւ Մեսրոպ Մակյան։

Մինչ այս ԲԴԽ անդամի երդում էր տվել Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ Այս տիկինը դեռ 9 ամիս առաջ էր ընտրվել ԲԴԽ անդամ, բայց հրաժարվել էր պաշտոնից, եւ երկար ընդմիջումից հետո նորից որոշել է ԲԴԽ կազմում ընդգրկվել։ Միտքը փոխել է, որովհետեւ իրավիճակն է փոխվել․ այսպես է Նախշուն Տավարացյանը բացատրել լրագրողներին ուշացումով երդվելու պատճառը։ Բայց ըստ երեւույթին նրա բացատրությունը չի բավարարել բոլոր գործընկերներին։ Տավարացյանի երդման ժամանակ մի քանի դատավորներ ցուցադրաբար լքել են դահլիճը։ Այս էմոցիաները, տիկնոջ կարծիքով, իր լեգիտիմությունը կասկածի տակ չեն դնում։ Այնուամենայնիվ երդումից հետո էլ Նախշուն Տավարացյանը դեռ լիարժեք անդամ չէ, վերջին խոսքը ԲԴԽ-ինն է։

Երեւանում այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հոսպիտալացվել է հրազենային մի քանի վնասվածքներով։ Նա դեռեւս ի վիճակի չէ բացատրություն տալ կատարվածի մասին։ Նախնական տեղեկություններով՝ Ֆելիքս Հովհաննիսյանը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։ NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ կատարվել է բարդ վիրահատություն՝ կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի հատվածում։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 537 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 597, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 57 դրամ։

Հայաստանի տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։