Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթինգի՝ կլինի հրապարակային, թե իրավասու մարմնի կողմից իրականացված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատավորների ժողովից հետո ի պատասխան լրագրողի հարցի՝ հայտարարեց ԲԴԽ նորընտիր դատավոր անդամ Ռուբեն Վարդազարյանը։

«Պատրաստ եմ հրապարակային եղանակով այդ վեթինգն անցնել»,- ասաց նա։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար անցկացված քվեարկության արդյունքում ստացել էր ամենաշատ թվով՝ 111 ձայն։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 20–ին դատարոնների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: