Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր բավարարել է Ադրբեջանի 3 քաղաքացիների բողոքը՝ կապված ազատ ընտրության իրավունքի խախտման հետ, հաղորդում է contact.az-ը:

Իխտիյար Աբդալովը, Իբրահիմ Ահմեդզադեն եւ Տարիել Շիրինլին բողոք են ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իրենց թույլ չեն տվել մասնակցել 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին Բաքվից, Իմիշլիից եւ Սումգայիթից: Տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են գրանցումը նրանց օգտին ընտրողների իրական ստորագրությունների պակասի պատճառով:

Նրանք որոշումը բողոքարկել են դատարանում: Չնայած նրան, որ բողոքը բավարարվել է, նրանք չեն կարողացել մասնակցել քարոզարշավին, ապա պահանջել են տեղափոխել ընտրությունների օրն իրենց շրջաններում, սակայն դա չի արվել:

ՄԻԵԴ-ը որպես բարոյական վնասի փոխհատուցում պարտավորեցրել է 7500 եվրո վճարել: Ինչպես նաեւ որպես դատական ծախսերի փոխհատուցում 2200 եվրո վճարել Շիրինլիին ու Ահմեդզադեին եւ 1400 եվրո՝ Աբդալովին: