ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2020 թվականի բնակչության մարդահամարի հարցաթերթիկում քաղաքացիության մասին հարցը մտցնելու գաղափարից: Այս քայլի փոխարեն Սպիտակ տան ղեկավարը ԱՄՆ առեւտրի նախարարությանը հանձնարարել է ամբողջ տեղեկատվությունը հավաքել երկրի այլ գերատեսչություններից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Գերագույն դատարանը 2 շաբաթ առաջ որոշում էր ընդունել 70 տարում առաջին անգամ մարդահամարում նոր հարց մտցնելու դեմ: Դատավորները 5 կողմ ձայնով ընդդեմ 4-ի որոշել էին, որ քաղաքացիության մասին հարցն ավելացնելու վերաբերյալ վարչակազմի հայտարարած պատճառը՝ ընտրական իրավունքի պաշտպանություն, «մտացածին» է:

Որոշման մեջ նշված է, որ վարչակազմը կարող է այլ պատճառներբ առաջադրել, իսկ Թրամփն անցյալ շաբաթ ասել էր, որ քննարկում է նոր հարցը նախագահական հրամանագրով մտցնելու հնարավորությունը:

Նախագահական ցանկացած հրաման, որը նախատեսում է միակողմանի կարգով նոր հարցի ներառում, ավելի շուտ նոր դատական հայցեր կհրահրի, քանի որ ըստ Սահմանադրության՝ մարդահամարի անցկացման համար պատասխանատու է Կոնգրեսը, այլ ոչ թե նախագահը:

Սակայն անցյալ ամիս Harvard-Harris-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ չնայած դատարանում հնարավոր պարտությանը, Թրամփը նման նախաձեռնության համար բավարար քաղաքական աջակցություն ունի: Գրանցված ընտրողների շրջանում հարցումը ցույց է տվել, որ քաղաքացիության մասին հարցի ներառման օգտին է հանդես եկել 2 անգամ ավելի քաղաքացի:

ԱՄՆ բնակչության մարդահամարը, որի թիվը 327 մլն-ից անցնում է, պետք է սկսվի հաջորդ տարվա ապրիլին, իսկ առանց քաղաքացիության հարցի հարցաթերթիկներն արդեն սկսել են տպագրել: ԱՄՆ-ում մարդահամարը կարեւոր նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքներից է կախված ըստ նահանգների Ներկայացուցիչների պալատի 435 տեղերի բաշխումը, ինչպես նաեւ նահանգներին դաշնային օգնության բաշխումը: