Ցանկություն չունեմ մեկնաբանել տարբեր բանսարկություններ, միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ ծեծի վերաբերյալ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

«Որոշ մարդիկ իմ բարի համբավն արատավորելու փորձեր են անում, որոնք դատապարտված են ձախողման»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան մի շարք լրատվամիջոցներ չստուգված եւ հակասական տեղեկություն տարածեցին, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իբր, ծեծի է ենթարկել ոմն Վահե Պարազյանին: Ն. Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կա հարուցված քրեական գործ եւ ինքն ակնակալում է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Նշվում է, որ իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շրջանառվող տեղեկությունները, թե Նարեկ Կարապետյանը ծեծի է ենթարկել Վահե Պարազյանին, իրականությանը չի համապատասխանում: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ թեեւ ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, բայց գործարար ներկայացող Վահե Պարազայանն անհասկանալի պատճառներով մեկ շաբաթից հետո է միայն որոշել կատարվածի մասին պատմել լրատվամիջոցներին:

Ըստ շրջանառվող տեղեկության, Պարազյանը թեեւ աշխատել է Կարապետյանների բիզնեսում, սակայն նույն բիզնես գործառույթներն ունեցող սեփական ընկերություն է հիմնել եւ փորձել է մութ գործարքներ իրականացնել Կարապետյանների մեջքի հետեւում՝ յուրացնելով տենդերները:

Տեղեկանալով կատարվածի մասին՝ Նարեկ Կարապետյանն օրերս իր ընտանիքին պատկանող ռեստորանում հանդիպել է Պարազյանին՝ նրանից պահանջելով դադարեցնել այդ գործելաոճը:

Այնուհետ, երիտասարդների խոսակցությունը շարունակվել է դրսում որտեղ էլ, ըստ ականատեսի, Վահե Պարազյանը փորձել է հարվածել Նարեկ Կարապետյանին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են միջադեպը: Կատարվածից հետո Պարազյանը դիմել է իրավապահներին, իսկ յոթ օր անց որոշել է դեպքի մասին պատմել լրատվամիջոցներին՝ աղավաղելով փաստերը եւ կատարվածը ներկայացնելով իր օգտին: