Հազար տարի պահանջվեց, որպեսզի մոլորակի բնակչությունը հասնի 5 մլրդ-ի, ինչը տեղի ունեցավ 1987 թվականին: 32 տարի հետո մենք հասնում ենք 8 մլրդ-ին, հայտնում է CNN-ն՝ նշելով, որ սա ամենեւին ուրախ լուր չէ:

Մոլորակի բնակչությունն այսօր կազմում է 7,7 մլրդ մարդ: Իսկ 2050 թվականին կաճի եւս 2 մլրդ-ով:

ՄԱԿ տվյալներով՝ 27 երկրներում կամ տարածաշրջաններում բնակչությունը 2010 թվականից կրճատվել է 1 կամ ավելի տոկոսով: Այս անկման պատճառը ծնելիության կայուն նվազումն է, հատկապես այնպիսի երկրներում, ինչպես Չինաստանն ու Ճապոնիան:

Բայց այս կրճատումը ստվերում է բնակչության աճի բումը այլ տարածաշրջաններում:  Կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին  Սահարայից հարավ Աֆրիկայի բնակչությունը կկրկնապատկվի: 9 երկրներ՝ Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Կոնգոն, Եթովպիան, Տանզանիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը եւ Միացյալ Նահանգները մինչեւ 2050 թվականն ընկած ժամանակահատվածում կկազմեն Երկրի բնակչության կանխատեսվող աճի կեսից ավելին:

Աշխարհում կյանքի ակնկալվող տեւողությունը կմեծանա 72,6 տարուց մինչեւ 77,1 տարի: Սակայն դրա հետ մեկտեղ առավել զարգացած երկրներում կյանքի տեւողությունը համաշխարհային միջին ցուցանիշից 7,4 տարով հետ կմնա:

Իսկ գերբնակեցվածությունը կարող է նպաստել այնպիսի սոցիալական եւ էկոլոգիական խնդիրների, ինչպիսին են՝ գլոբալ տաքացումը, պաշարների սպառումը, աղտոտումը, թերսնումը, գենդերային անհավասարությունը եւ մահացու հիվանդությունների տարածումը:

Եվս մեկ տագնապահարույց միտում կա՝ մենք ծերանում ենք: 2018 թվականին աշխարհում առաջին անգամ 65 տարեկանից մեծ մարդկանց թիվը գերազանցում է մինչեւ 5 տարեկան տարիքի երեխաների թվին: Կյանքի տեւողության մեծացման եւ ծնելիության նվազման պատճառով մարդիկ քիչ են բազմանում եւ երկար են ապրում:

Սա վատ է համաշխարհային տնտեսության համար, քանի որ նվազում է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը եւ աճում տարեցների թիվը, որոնք մեծացնում են առողջապահության ծախսերը:

2050 թվականին Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում բնակվող յուրաքանչյուր 4-րդ մարդը կարող է լինել 65 տարեկանից մեծ: