Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Ս.-ի վարած Opel Zafira մակնիշի 35 VM 455 համարանիշի եւ Սեւան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գեւորգ Խ.-ի վարած IZH 27175 մակնիշի 521 ԼD 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով IZH-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ այնուհետեւ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը։

Բախման արդյունքում IZH-ը կողաշրջվել է, եւ մեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված վայրում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է «Սեւան» հացի գործարանի հաշվեկշռում եւ բեռնախցիկը բարձված է եղել հացով։