Հարավային Կորեան ցանկանում է անցկացնել ՄԱԿ կամ այլ միջազգային մարմնի հետաքննություն՝ կապված Ճապոնիայի հայտարարությունների հետ, որ Սեուլը չի պահպանում Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները, փոխանցում է AP-ն:

Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Կիմ Յու Գինը հայտարարել է, որ Սեուլը խստորեն կատարում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ պատժամիջոցները: Նա պահանջել է, որ Ճապոնիան ներկայացնի վարչապետ Սինձո Աբեի եւ նրա օգնականների հայտարարությունների ապացույցներ, որ, հնարավոր է, տեղի է ունեցել Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա զգայուն նյութերի ապօրինի փոխանցում:

Տոկիոն անցյալ շաբաթ խստացրել էր Հարավային Կորեա ճապոնական ֆոտոռեզիստների եւ այլ զգայուն նյութերի մատակարարումների հաստատման գործընթացը՝ հայտարարելով, որ նման նյութերը կարելի է արտահանել միայն հուսալի առեւտրային գործընկերներին: Այս քայլը, որը կարող է վնաս հասցնել կիսահաղորդիչներ եւ հեռուստացույցների ու սմարթֆոնների համար էկրաններ արտադրող հարավկորեական տեխնոլոգիական ընկերություններին, երկրների միջեւ մեծամասշտաբ դիվանագիտական վեճ է առաջացրել, որը հարաբերություններն էլ ավելի է փչացրել:

Կիմ Յու Գինն ասել է, որ Սեուլի կառավարությունը Ճապոնիային առաջարկում է  ընդունել ՄԱԿ-ի  կամ այլ միջազգային մարմնի կողմից 2 երկրների արտահանման վերահսկողության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու առաջարկը, որ վերջ տրվի «ոչ անհրաժեշտ վեճերին» եւ հստակ ապացուցվի՝ Ճապոնիայի պահանջները ստույգ են, թե ոչ:

«Եթե պարզվի, որ մեր կառավարությունը ոչ մի վատ բան չի արել, ճապոնական կառավարությունը պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլեւ անմիջապես հանի արտահանման սահմանափակումները, որոնք (քաղաքական) հաշվեհարդարի հատկանիշներ ունեն»,- հայտարարել է նա: