Ձայնային հրահանգների մի մասի արտահոսք եղել է Google-ում։ Փորձագետներից մեկը խախտել է գաղտնիության սկզբունքը, ինչի պատճառով  տեղի է ունեցել տվյալների արտահոսք, ասել է ընկերության արտադրանքի գծով մենեջեր Դեւիդ Մոնսիսը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ըստ Մոնսիսի՝ Google-ը կանոնավորապես աշխատում է լեզվաբան փորձագետների հետ, որոնք ուսումնասիրում են գրառումների մի մասը, որպեսզի ավելի լավ ճանաչեն առանձին լեզվական նրբություններ։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակման է տրվում բոլոր ձայնագրությունների 0,2 տոկոսը։ Ձայնային օգնականը՝ Google Assistant-ը, ձայնագրությունն ուղարկում է ընկերություն միայն այն դեպքում, եթե օգտատերն ինքն է դիմել նրան «Օքեյ, Google» հրահանգի օգնությամբ կամ գործարկման կոճակը սեղմելով։ Սակայն երբեմն սարքը որպես հրահանգ է ընկալում կողմնակի աղմուկը, ինչի պատճառով Google-ում ստացվում են ձայնագրություններ, որոնք օգտատերը չի նախատեսել  հնչեցնել։

Լեզվի գծով փորձագետներից մեկը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գաղտնի տվյալների արտահոսք։ Մոնսիսը ճշգրտել է, որ խոսքը հոլանդերեն ձայնագրությունների մասին է։ «Մենք իրականացնում ենք վերլուծություն այս ոլորտում, որպեսզի կանխենք նման դեպքերը»,- ասել է Google-ի ներկայացուցիչը։