Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները եւ ղեկավարությունը Ագարակում քննարկում են անցկացրել, որին մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Պատգամավորը նախ նշեց, որ եկել է տեղում իրավիճակին ծանոթանալու.

«Նպատակ ունեմ տեղում ծանոթանալ ձեր խնդրին, առկա իրավիճակին եւ ձեր պատկերացումներին։ Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին, լինել այս զալում եւ մինչեւ վերջ լինել ձեր կողքին։ Ես կհետեւեմ այս քննարկման ամբողջ ընթացքին, եւ եթե համաձայնության նշույլներ լինեն, համաձայնության սահմաններ լինեն, ընդգծվեն, գծվեն ձեր եւ կոմբինատի ղեկավարության կողմից, ես միայն կողջունեմ դա։ Իմացեք ձեզնից մեկն եմ ես այստեղ, ուղղակի նստած եմ բեմում»։

Աշխատակիցները բողոքեցին, որ իրենց կոմբինատի ղեկավարությունը թալանել է.

«Մեզ անընդհատ թալնել եք, մեր փողերը չեք տվել, մեր բողոքի ցույցն օրինական է։ Եթե մարդուն ամսական 360 ժամ գիշեր եք աշխատացնում, վճարում եք 64 ժամի համար ու դա համարում եք օրինական, ուրեմն սա ամենաօրինականն է, քանի որ ոչ թե գործադուլ է, այլ բողոքի ակցիա։ Հանքում սկսել են քարաթափումներ, տեղեկացրել ենք մեր անմիջական ղեկավարին, որն ասում է գնացեք ոնց ուզում եք աշխատեք, ինչ անենք, գնանք մեռնենք»,–նշեցին ցուցարարները։

Կոմբինատի ղեկավարը նշեց, որ այդ ցույցն անօրինական է, եւ աշխատակիցները պետք է վերադառնան իրենց աշխատանքին։ Իսկ աշխատակիցները պնդեցին՝ քարաթափում է, դրա համար աշխատանքները դադարեցրել են։