Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հունիսին Ճապոնիայում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մեղմել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ-ին:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ  Գեն Շուանը լրագրողներին ասել է, որ Սի Ցզինպինը Թրամփին հակիրճ տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի հանդեպ Չինաստանի դիրքորոշման մասին, երբ հանդիպել են Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում:

«Օսակայում նախագահ Թրամփի հետ հանդիպմանը նախագահ Սի Ցզինպինը նրան տեղեկացրել է Կորեական թերակղզու հարցում Չինաստանի սկզբունքային դիրքորոշման մասին եւ ամերիկյան կողմին կոչ է արել ճկնություն դրսեւորել ու հյուսիսկորեացիներին ընդառաջ գնալ՝ այդ թվում պատժամիջոցները մեղմելով»,- ասել է Գենը:

Ցզինպինն ու Թրամփը վերջերս բանակցություններ են վարել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Ցզինպինը G20 գագաթնաժողովից առաջ Փհենյան այցի ժամանակ, իսկ Թրամփը գագաթնաժողովից հետո, երբ Կիմին հանդիպել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանի ապամիջուկայնացված գոտում:

Երեքշաբթի Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ նահանգները հույս ունի, որ հյուսիսկորեական միջուկային ծրագրի սառեցումը կդառնա ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը Փհենյանի հետ նոր բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան հուլիսին: