«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում KinoPark-ի դահլիճում տեղի ունեցավ Նալչիկից երիտասարդ տաղանդավոր ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Եվ ֆիլմը, թերեւս, երեւանյան կինոշաբաթի ամենավառ ցուցադրություններից մեկն էր:

Ի դեպ, Բալագովի մյուս ինքնատիպ «Նեղվածք» ժապավենը 2 տարի առաջ նվաճել է Կաննի կինոփառատոնը. հանդիսատեսը հիացած էր չեչենական երկրորդ արշավանքի տարիներին հրեա ընտանիքի մասին ինքնակենսագրական ֆիլմով: Այնպես որ, Կաննում Կանտեմիր Բալագովը նորեկ չէ, ուստի եւ առավել արժեքավոր է նրա կինոնկարի ցուցադրումը Երեւանում:

«Լողլողը» Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ճակատում ծառայած 2 երիտասարդ կանանց պատմությունն է: 1945-ին նրանք տուն՝ Լենինգրադ են վերադառնում եւ փորձում կառուցել խաղաղ կյանքը... Բայց դա այնքան էլ դյուրին չէ. ավերածություն ու ամայություն է ոչ միայն հերոսուհիների շուրջը, այլեւ հենց իրենց ներսում: Բալագովը Իյայի (Վիկտորիա Միրոշնիչենկո) եւ Մաշայի (Վասիլիսա Պերելիգինա) մասին այնքան զիլ ու տաղանդավոր է պատմում, որ ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է «Հատուկ տեսակետ» սեկցիայի մրցանակին:

«Լողլողի» նախաակունքն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչի «Պատերազմը կանացի դեմք չունի» աղմկահարույց գրքից հարցազրույցների շարքը: Սա այլ պատերազմ է. պատերազմ, որտեղ կան ե՛ւ պարտադրյալ աբորտներ՝ հանուն ողջ մնալու սեփական երեխաների սպանությամբ, ե՛ւ այլ ցնցող մանրամասներ, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Եվ ընդհանրապես, «Լողլողում» պատերազմը թեկուզ եւ անցյալում է մնացել, հեոսուհիները դեռեւս դրանով են ապրում եւ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել. հոգու վերքերը մշտապես հիշեցնում են իրենց մասին...

Եվս մեկ ուշագրավ մանրամասն. ֆիլմի պատմությունը կառուցված է իրական իրադարձությունների վրա, բայց վերամշակվել է ըստ գեղարվեստական ստեղծագործության...  

Ֆիլմը միանշանակ չէ: Ինչո՞ւ: Որովհետեւ այն թե՛ գեղեցիկ է, թե՛վախեցնող, ուրախացնում է եւ ընկճում, զվարճացնում է եւ տխրության մեջ թաղում: Այն երկակի է: Զուր չի ռեժիսորն ընտրել 2 գունապնակ՝ կարմիր եւ կանաչ: Կինոնկարում ամեն ինչ խաղարկվում է այս 2 գույների երանգներով, իսկ ավարտին դրանք հատուկ նշանակություն են կատարում, քանի որ միահյուսվում են եւ ցույց տալիս, որ հերոսները փոխվել են:

«Լողլողը» կինո է պատերազմի եւ ԽՍՀՄ-ի ծաղկման մասին, բայց, ինչպես նշում են քննադատները, դրա մեջ չկա դարաշրջանի եւ ոչ մի խորհրդանիշ: Չկա պաթոսային հերոսականություն. զինվորները չեն կարողանում ոտքի կանգնել առանց կանանց օգնության, որոնք առանց այդ էլ ճակատագրով հալումաշ են եղել: Այդ նույն զինվորները մշտապես նրանցից ներողություն են խնդրում պատերազմի համար... Միայն թե դրանից կանանց կյանքը չի թեթեւանում. նրանք ցանկանում են սեփական խաղաղ կյանքը կառուցել իրենց ներսում եւ շուրջը: Այնքան էլ չի ստացվում…

KinoPark-ում դիտումից հետո հանդիսատեսին հաջողվեց շփվել Մաշայի դերակատար Վասիլիսա Պերելիգինայի հետ: Դերասանուհին խոստովանեց, որ երբ իրեն են ուղարկել սցենարը, ինքը շատ է հավատացել դրան: Եվ անգամ արտասվել է: «Ինչ վերաբերում է դերին նախապատրաստվելուն, ապա մենք ֆիլմեր էինք դիտում եւ գրքեր կարդում, որոնք մեզ հանձնարարում էր Կանտեմիրը, հանդիպում էինք բլոկադան վերապրած տատիկին,- ասել է նա: - Երբ մշտապես այդ թեմայի մեջ ես, մշտապես ինչ-որ բանի մասին ես մտածում, ապա այն քո մեջ ինքնաբերաբար արթնանում է, դու հասկանում ես՝ ինչպես եւ ինչ խաղալ: Քո հերոսը կենսունակ է ստացվում, եւ դու դրանից անգամ սարսափահար ես լինում»...

Իսկ ամենադժվարը Վասիլիսայի համար իր հերոսուհի Մաշայի մեջ այն աղջկան ցույց տալն էր, որը շորիկներ էր հագնում, ցանկանում նույնքան կանացի լինել, որքան եղել էր մինչեւ պատերազմը...

Նորայր Նազարյան