Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ զարգացնում է բավականին կառուցողական եւ դրական համագործակցություն: Հուլիսի 12-ին ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ պատվիրակությունները՝ ԱԺ խոսնակի գլխավորությամբ այցելել են Ռուսաստան, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, իսկ առաջիկայում կայցելեն ԱՄՆ: «Հայաստան են այցելել տարբեր երկրների խորհրդարանական եւ կառավարական պատվիրակություններ: Հայկական պատվիրակությունների ուշադրության կենտրոնում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը»,- հայտնեց Ռուբինյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի համատեղ նիստ է անցկացրել ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ՝ հավելելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարում, բայց արդեն Երեւանում: