Հայաստանի իշխանությունները բաժանարար գծեր են ստեղծում հասարակությունում, իսկ չկատարված խոստումները հանգեցրել են լարված իրավիճակի։ Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դա ուղեկցվում է ազգային, ավանդական արժեքների վրա ճնշմամբ, դատավորների վրա ճնշմամբ, որպեսզի ենթարկեցնեն իշխանության այդ ճյուղը։ Նա նկատեց, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ծուղակներ, որոնք ունեն հայկական ավանդույթներին հակասող տարրեր։ «Վավերացումից հետո կստեղծվեն իրավական հիմքեր, որպեսզի մենք ստիպված հրաժարվենք մեր արժեքներից, քարոզենք որոշակի սեռական կողմնորոշումներ եւ այլն»,- պարզաբանել է նա։

Արա Հակոբյանն ավելացրել է, որ իշխանության ներկայացուցիիչների մեջ կան մարդիկ, որոնք ասում են, թե  անգամ եթե կոնվենցիան վավերացվի, ապա դրա դրույթները պարտադիր չեն լինի կատարման համար, եւ նման դիրքորոշումն անհանգստություն է առաջացնում։ «Կան երկրներ, այդ թվում եվրոպական, որոնք դեմ են այդ կոնվենցիային, օրինակ՝ Բուլղարիան, կամ զգուշավոր վերաբերմունք ունեն, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Մոլդովան»,- ամփոփել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը կանանց եւ ընտանեկան բռնության դեմ, որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով