Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով փակվել է Որոտան գետի հունը եւ առաջացել է բնական ջրամբար, հաղորդում է «ԷկոԼուր»-ը: 

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում եւ ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման եւ այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր է նշված ջրամբարի պատվարի փլուզում, եւ կուտակված ջրացեխային զանգվածը կարող է ջրածածկ անել Սատանի կամուրջի տեղամասը: Բացի այդ, մասնագետները դիտարկել են սողանքային երեւույթների շարունակական ակտիվացում:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, խնդրի մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն: Ինստիտուտն առաջարկում է տեղամասում իրականացնել համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ՝ սողանքի պատճառների բացահայտման եւ հակասողանքային միջոցառումների ձեռնարկման եւ ջրամբարի պատվարի փլուզման համար:

Լուսանկարները՝ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանի