Հենրի Արսլանյանը, որը Հոնկոնգի PwC միջազգային քոնսալթինգային ընկերության ֆինանսական տեխնոլոգիաների եւ կրիպտոտեխնոլոգիաների հարցերով մասնագետն է, Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) մոդերատորը կլինի: NEWS.am-ի հետ հարցազրույցում Արսլանյանը, որը նաեւ Հոնկոնգում FinTech ասոցիացիայի նախագահն է եւ Հոնկոնգի համալսարանի արտահաստիքային պրոֆեսոր, ներկայացրեց WCIT-ից իր ակնկալիքները եւ կարծիք հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ապագայի մասին:

Պարոն Արսլանյան, դուք Երեւանում մասնակցելու եք WCIT 2019-ին: Այդ համաժողովից ի՞նչ սպասումներ ունեք:

Այդպիսի մեծ համաժողովներում միշտ ընդունված է ներկայացնել եւ ծանոթանալ շուկայի վերջին գաղափարներին ու միտումներին: Բայց ես հայտնաբերել եմ, որ իսկական մոգականություն է տիրում սուրճ-բրեյքերի, համաժողովի շրջանակում նիստերի եւ նման իրադարձությունների շուրջ, այսինքն՝ երբ հանդիպում եք այլ խանդավառ մարդկանց, որոնք փորձում են աշխարհը փոխել: Այդպիսի պահերն իսկապես տալիս են 1 + 1 = 3 արդյունք:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հայտարարել է առաջնահերթ ուղղություն: Հայկական ՏՏ ոլորտը զարգանում է, երկիրը լավ վայր է համարվում ՏՏ մասնագետների աշխատելու եւ ապրելու համար: Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան էլ լայնորեն չեն կիրառվում տնտեսության մեջ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է ձեռնարկենք այս ուղղությամբ:

Ես իսկապես կարծում եմ, որ Հայաստանը պետք է կենտրոնանա նոր հնարավորությունների վրա, որոնք տրամադրում է ոչ միայն ՏՏ-ն ընդհանրապես, այլ նաեւ նրան առնչվող որոշ ոլորտներ: Դրանցից մեկն է բլոքչեյն տեխնոլոգիաների զարգացումը:

Գոյություն ունեն բլոքչեյնի օգտագործման բազմաթիվ տարբերակներ, եւ Հայաստանն իր չափերի ու բարձր տեխնոտաղանդների շնորհիվ կարող է փորձարկումների լավ պոլիգոն դառնալ: Օրինակ՝ սեփականության իրավունքի ամրագրումը բլոքչեյնում, ինչը կնվազեցնի գործառնական ծախսերը եւ կառավարությունում կոռուպցիան: Արժի նաեւ դիտարկել Կենտրոնական բանկի կողմից թվային դրամի թողարկումը, որը կարող է ոչ միայն նվազեցնել դրամական փոխանցումների արժեքը, որոնք հայերը տուն են ուղարկում, այլեւ զգալիորեն նվազեցնել կոռուպցիայի եւ փողերի լվացման ռիսկերը:

WCIT 2019-ի ընթացքում կրիպտոարժույթի վերաբերյալ ի՞նչ հարցեր եք պատրաստվում բարձրացնել:

Հիմա ֆինանսների պատմության մեջ ամենահուզիչ պահն է: 100 տարի հետո մենք ետ կնայենք 2008-ից 2018 թվականների ժամանակահատվածին եւ կասենք, որ դա  ֆինանսական աշխարհում հիմնական փոփոխությունների շրջանն էր․ ֆինանսական ճգնաժամից եւ 2018 թվականին բիթքոինի ստեղծումից մինչեւ FinTech-ի աճ եւ վերջին ամիսներին ֆինանսներում խոշոր տեխնոլոգիաների ի հայտ գալը:

Անհամբերությամբ սպասում ենք վերջին համաշխարհային կրիպտոմիտումներին: Ոչ միայն մակրոթրենդներին՝ ինչպիսին է ինստիտուցիոնալ խաղացողների ի հայտ գալը կամ Facebook-ի կողմից սեփական Libra կրիպտոարժույթի թողարկումը, այլեւ ավելի հիմնարար ծրագրերի, ինչպիսին են ֆինանսների ապակենտրոնացումը եւ փողի այնպիսի ապագա, ինչպիսին պատկերացնում ենք այսօր:

Ինչ եք կարծում՝ կրիպտոարժույթն արդյոք կարո՞ղ է երբեւէ ավանդական արժույթը փոխարինել նավթի եւ գազի շուկաներում:

Կրիպտոակտիվները, այդ թվում՝ կրիպտոարժույթները, երկար կմնան: Ես միանգամայն համոզված եմ՝ մենք կտեսնենք, որ դրանք մոտակա տարիներին մեյնսթրիմ կդառնան: Ես ակնկալում եմ տեսնել կայուն փող, որը եւ կրիպտոարժույթն է, որին աջակցում է թղթադրամային արժույթը, ինչպիսին է ԱՄՆ դոլարը: Դրանք մոտակա տարիներին ավելի հաճախ կօգտագործվեն, հատկապես անդրսահմանային գործարքներում, որոնք ներկայումս դեռեւս թանկարժեք են եւ դանդաղ են իրագործվում: Աշխարհում դրամական փոխանցումներով վճարումների միջին արժեքը, օրինակ՝ տուն փող ուղարկող արտասահմանցի աշխատողների համար, ինչպես նախկինում՝ 5 տոկոսից անցնում է: Սա անընդունելի է 2019 թվականին, եւ կրիպտոարժույթները այս խնդրի լուծման լավ միջոց են՝ նման վճարումներն աննշան գնով ակնթարթորեն կատարելու համար:

Առաջիկա 20 տարիներին ինչպիսի՞ն կլինեն ՏՏ զարգացման հիմնական ուղղությունները:

Ես բազմաթիվ իրադարձությունների եմ հետեւում, դրանց ազդեցությանը հատկապես համաշխարհային ֆինանսների վրա, եւ դրանցից շատերը ներկայացնում եմ իմ վերջին՝ «Ֆինանսների ապագան» կոչվող գրքում, որը լույս կտեսնի հաջորդ ամիս:

Օրինակ՝ կարծում եմ, որ ամենամեծ փոփոխությունը կարող է տեղի ունենալ՝ ոչ թե մեկ ուղղություն զարգացնելով, այլ շատերը համադրելով: Կարծում եմ, որ FinTech-ի, արհեստական ինտելեկտի (AI) եւ կրիպտոյի համադրումը վիթխարի ազդեցություն կունենա ֆինանսների վրա:

Մենք բոլորս այսօր օգտագործում ենք համացանցի պլատֆորմները եւ մեր տվյալներն անվճար տրամադրում ենք այդ պլատֆորմներն օգտագործելու հնարավորության դիմաց: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մոտակա տարիներին մենք մեր տվյալների դիմաց փոխհատուցում կստանանք, եւ դա տեղի կունենա միկրովճարումների միջոցով, որոնք հնարավոր են միայն կրիպտոյով: Եվ մենք կունենանք նաեւ AI մեխանիզմների աջակցությունը, որոնք կգնահատեն մեր տվյալները, քանի որ ոչ բոլոր տվյալներն են միարժեք: Սա հնարավոր կլինի, եթե մենք կարողանանք մեզ կապել տեխնոլոգիական մի շարք ուղղությունների հետ: Եվ սա իսկապես գրավիչ է: