Մենք ընտանեկան բռնության կապակցությամբ մտահոգություն ենք հայտնել դեռեւս 4-5 տարի առաջ: Այս մասին հուլիսի 12-ին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում ասաց իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ չպետք է մտածել, որ մենք հենց նոր արթնացել ու սկսել ենք խոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Նա նշեց, որ իշխանությունները հաճախ են խոսում դրույթի մասին, որի համաձայն պետք է հարգել խտրականությունը բացառող սկզբունքը, մինչդեռ բուն կոնվենցիան հիմնված է խտրականության վրա: «Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչու դրա մեջ դրույթ կա, որի համաձայն պետք է արտոնություն տալ զույգերին: Այսինքն՝ եթե մարդիկ զույգ չեն, նրանք բռնությունից պաշտպանվա՞ծ են: Եթե մենք հավասարեցնում ենք ամուսիններին, որոնք դառնում են ընտանիքում բռնության զոհ, եւ զույգերին, ապա այս կարգավիճակը պետք է տարածվի նաեւ մյուսների վրա»,- նշեց իրավաբանը: Նա նկատեց, որ հաշվի չեն առնվում նաեւ երեխաների իրավունքները, եթե ուշադրության առնենք այն, որ ըստ վիճակագրության՝ նույնասեռական ամուսնություններում երեխաների 70 տոկոսը բախվում է հոգեբանական խնդիրների: «Փոքր երեխան չի կարող որոշել, թե իր համար ինչն է լավ, իսկ մեր որոշումները պետք է հիմնված լինեն փորձագիտական գնահատականների վրա»,- պարզաբանեց Դանիելյանը:

Իրավաբանը հայտարարեց, որ իշխանությունների ինքնավստահությունը հասկանալի է, բայց դա բավարար չէ, հատկապես եթե եզրահանգումները իրավունքի հետ ոչ մի կապ չունեն: «Նրանք կարող են պնդել, որ ընտանիքի մոդելը չի խաթարվի, սակայն պետք է հասկանալ, որ կոնվենցիայի վավերացումից հետո որեւիցե տեսակետ ոչ մի նշանակություն չի ունենա: Այդ պահից սկսած բոլոր տեսակետները երկրորդական կդառնան»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության, որն ավելի հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Համաձայնագրի ստորագրումը հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթների եւ արժեքների կործանմանը, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը: