ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Թուրքիայի հարցում արագ որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի դաշնակցին պատժելու ուղղությամբ ռուսական Ս-400 համակարգերը գնելու համար, գրում է Մարկ Բենթլին  Ahval պորտալում:

 «Առաջին հայացքից այդ փաստարկը կարող է անտրամաբանական թվալ. Թուրքիայի փխրուն տնտեսությունը դեռեւս ցնցվում է արժութային ճգնաժամից, եւ լիրայի վերջերս նկատելի աճը կարող է հեշտությամբ փոխվել: Ինչ վերաբերում է եկամտին, ապա թուրքերը, հավանաբար, գտնվում են ավելի վատ դրության մեջ, քան 2001 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո էր:

Սակայն այժմ պատժի կիրառումը համահունչ է Թուրքիայի շահերին:

Անցյալ տարվա օգոստոսին արժութային ճգնաժամի ընթացքում, երբ Թրամփը սահմանել էր պատժամիջոցներ Անկարայի դեմ ամերիկյան քահանային ձերբակալելու համար, համաշխարհային շուկաներում տեղի էր ունեցել համընդհանուր վաճառք, քանի որ Դաշնային պահուստային համակարգը մեկնարկել էր դրամավարկային քաղաքականության խստացումը: Լիրան հասել էր ռեկորդային մինիմումի: Հաջորդել է խորը տնտեսական անկումը:

Այսօր իրավիճակն այլ է: Համաշխարհային շուկաները ակնկալում են ԴՊՀ- ի ներդրումների կտրուկ անկում:

Ուրբաթ Թուրքիան ընդունել էր Ս-400-ի բաղադիչների առաջին խումբը: Այդ քայլը, հավանաբար, կզայրացնի ե′ւ Պենտագոնի պաշտոնյաներին, ե′ւ Կոնգրեսի անդամներին, որոնք դիտարկում են այն որպես ՆԱՏՕ-ի եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրությունների նկատմամբ ոտնձգություն: Անկարան այլեւս հուսալի դաշնակից չէ իսլամիստ, հակաարեւմտամետ եւ Իսրայելի հակառակորդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, եւ պետք է կարգի հրավիրվի, ասում են նրանք:

Ամենայն հավանականությամբ՝ Միացյալ Նահանգների առաջին քայլը կլիներ Կոնգրեսի կողմից պատժամիջոցներ սահմանելը «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան թշնամիների նկատմամբ հակազդեցության» (CAATSA) շրջանակներում:

Այնուհետեւ Թրամփը պետք է հաստատի միջոցառումները, որոնք կներառեն թուրքական պաշտպանական ընկերությունների եւ անգամ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգին բանկերի հասանելիությունը կամ արգելքը, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք այցելեն Միացյալ Նահանգներ, ներառյալ՝ Թուրքիայի նախագահը:

Ըստ Էրդողանի զգուշորեն արված հայտարարությունների՝ Թրամփը կանի դա դժկամությամբ:

Էրդողանի համար պատժամիջոցները հնարավորություն կտային հեռվացնել Թուրքիային Արեւմուտքից: Նա կարող էր անվանել Թրամփին երկերեսանի: Նա նաեւ կարող էր որոշել Սիրիա ուղարկել թուրքական զորքեր, քանի որ կրկնապատկում է իր հավակնությունները Թուրքիային տարածաշրջանային գերտերություն դարձնելու համար, որն ազատ կլինի արեւմտյան գերխնամքից: Թուրքական հրամանատարությունն ու տեխնիկան արդեն ուղարկվել են սահման այս շաբաթ: Ռազմական արձակուրդը չեղարկվել էր՝ ըստ որոշ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների:

Էրդողանը կարող է կրկնապատկել խիստ միջոցները, որոնք վերջին տարիներին մեծապես վնասել էին թուրքական ժողովրդավարությունը: Նրա քաղաքական մրցակիցները, որոնք նախապատրաստվում են 2023 թվականին կայանալիք ընտրություններին, կարող են հայտնվել առաջին զոհերի թվում:

Հետագա պատժամիջոցները կարող են նաեւ խանգարել Էրդողանին ձեռնարկել ավելի չմտածված եւ սխալ միջոցներ տնտեսության համար: ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ստիպել Էրդողանին ներգրավել պաշտնոնյաներին, որոնք ունակ են դուրս բերել Թուրքիային տնտեսական խառնաշփոթից:

Սպիտակ տանը որոշ գործիչներ կարող են ներկայանալ պատժամիջոցները հետաձգելու օգտին կամ ավելի մեղմ պատժամիջոցներ կիրառելու համար՝ սկսած Թուրքիային F-35 կործանիչների ծրագրում մասնակցելու արգելքից: Տրամաբանությունն այն է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պահել Թուրքիային Արեւմուտքին մոտ, ոչ թե թույլ տալ նրան ավելի մոտենալ Ռուսաստանին:

Թուրքիայի ներկայիս նախագահի օրոք պատժելու լռակյաց կամ երկարատեւ գործընթացը պարզապես չի աշխատի:

Արտերկրում ԱՄՆ-ի հեղինակության համար արագ եւ կտրուկ ճնշումներն այժմ առաջընթացի լավագույն մեթոդն են: Դրանք կդառնան ուժեղ օրինակ այլ երկրների համար, որոնք գտնվում են Արեւմուտքի հետ համագործակցելու եզրագծում եւ, հնարավոր է, դիտարկում են Ռուսաստանի հետ պաշտպանական բիզնես վարելու կամ Մոսկվայի հետ ռազմավարական առումով մտերմանալու հավանականությունը:

ԱՄՆ-ի նախագահի համար այժմ ավելի լավ է լինել դաժան, ոչ թե բարի: