Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կազմակերպել է բազմաթիրախ հարձակում Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով ահաբեկիչների դիրքերի դեմ, տեղեկացնում է Press TV-ն։

ԻՀՊԿ հայտարարությունում նշվում է, որ հարված է հասցվել ահաբեկիչների դիրքերին Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանին, ինչի հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են բազմաթիվ ահաբեկիչներ։

«Ի պատասխան  վերջերս տեղի ունեցած ահաբեկչական ակտերի Իրանի հյուսիս-արեւմուտքում, արեւմուտքում եւ Իրաքյան Քրդստանի պաշտոնատար անձանց Իրանի նախազգուշացումից հետո, որպեսզի թույլ չտան, որ ահաբեկիչներն իրենց տարածքն օգտագործեն ահաբեկչություններ կատարելու համար, ԻՀՊԿ-ն սկսել է գնդակոծել ահաբեկչական օբյեկտները եւ նրանց վարժաճամբարները ընդհանուր սահմաններին՝ սկսած չորեքշաբթի օրվանից»,- Mehr-ը մեջբերում է ԻՀՊԿ հայտարարությունը։

Գործողության ընթացքում հրթիռներով, անօդաչու սարքերով եւ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումներով հարվածներ են հասցվել  ահաբեկիչների ակտիվ բազաներին, սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ։

«Սպասվում է, որ Իրաքյան Քրդստանը լրջորեն կվերաբերվի Իրանի նախազգուշացումներին եւ թույլ չի տա ահաբեկիչներին օգտագործել իր տարածքը»,- ասվում է հայտարարությունում։ ԻՀՊԿ-ն ընդգծում է, որ խստորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի Իրանի անվտանգության դեմ։