Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը պետք է լուծվի հանրաքվեի մակարդակում: Այս մասին հուլիսի 12-ին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ վիճելի դրույթների ընդունումից խուսափելու համար ճիշտ կլիներ, եթե իշխանությունները դիմեին եվրոպական կառույցներին՝ հասկանալու համար, թե դրանք ինչ հետեւանքներ կունենան: «Պետք է հենվել եվրոպական երկրների փորձի վրա եւ օրենսդրական տեսանկյունից ճկունություն մշակել»,- նշեց նա:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ինքնին չի երաշխավորում ընտանեկան բռնության խնդրի լուծումը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության, որն ավելի հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Համաձայնագրի ստորագրումը հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթների եւ արժեքների կործանմանը, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը: