Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին եւ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ՀՀ վարչապետը եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը, եւ տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi-Tech արդյունաբերությանը զարկ տալը: Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի եւ ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձեւավորված դրական սպասումների մասին: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաեւ կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:

Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ է փոխշահավետ գործակցության:

Կողմերը մտքեր են փոխանակել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ: