Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձեւավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին:

Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն անցկացվել է երրորդ անգամ եւ հանդիսանում է մարտ ամսին կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման շարունակությունը:

Համաժողովի ընթացքում գեներալ-մայոր Ա.Մակարյանը հաստատել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին աջակցելու եւ գործուղվող ուժերը նոր ընդունված մոտեցումներին համապատասխան պատրաստելու Հայաստանի հանձնառությունը:

Գեներալ-մայոր Ա.Մակարյանը համաժողովի շրջանակում նաեւ երկկողմ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի գործընկերների հետ: