Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներն ուղղված են երիտասարդ սերնդի մտածողության փոփոխությանը: Այս մասին հուլիսի 12-ին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կա որոշակի կենտրոն, որն ուղղորդված է Եվրոպայում երիտասարդ սերնդի մտածողության փոփոխությանը: «Չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ Եվրոպան մեզանից ավելի խելոք է, եւ մենք անպայման պետք է քարոզենք այս կամ այն սեռական կողմնորոշումը: Եթե մենք մեր ճանապարհով ենք գնում, ապա դա չի նշանակում, թե մենք ամեն եվրոպականին դեմ ենք: Մեր օրենսդրական բազան թույլ է տալիս քաղաքացիներին բռնությունից պաշտպանել: Սակայն բացառված չէ, որ խնդիրն այլ բանի մեջ է»,- նշեց նա:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ երբ քննարկվում էր գենդերների մասին օրենքը, իրենք գնացել են Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, որն ասաց, թե ինքը եւս դեմ է, սակայն քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն փողը վերցրել է, ապա ոչ մի բան հնարավոր չէ անել:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության, որն ավելի հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Համաձայնագրի ստորագրումը հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթների եւ արժեքների կործանմանը, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը: