Երեւանում հուլիսի 12-ին նշել են Ֆրանսիայի ազգային տոն Բաստիլիայի գրավման օրը (ֆոտոռեպորտաժ):

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խորհրդարանականներ, Հայաստանում ֆրանսիական համայնքի անդամներ եւ բազմաթիվ հյուրեր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները հայ-ֆրանսիական հարաբերություններում նոր փուլի սկիզբ են խորհրդանշում: Նա ողջունել է ֆրանսիական ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, նպաստում են տնտեսական աճին, ստեղծում աշխատատեղեր եւ վճարում հարկեր Հայաստանում:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին, որոնք նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները յուրահատուկ են: Դրանք բխում են սրտից: Համոզված եղեք, որ մենք զգացված ենք Ֆրանսիայի, մեր արժեքների, մշակույթի եւ լեզվի հանդեպ ձեր սիրով: Վստահ եղեք, որ Ֆրանսիան մշտապես կլինի հայ ժողովրդի կողքին եւ կպաշտպանի ձեզ ՄԱԿ-ի կազմում, ԵՄ-ում եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահ»,-հայտարարել է նա:

Իր հերթին Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանի համար Ֆրանսիայի կարեւորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանում առանձնահատուկ կարեւորություն ունի ապրիլի 24-ը Հայող ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու Ֆրանսիայի որոշումը: