Դեսպան Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը այսօր՝ հուլիսի 12-ին, մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Նրանք ցավակցություն հայտնեցին Կիրակոսյանի հարազատներին:

Հարգանքի տուրք մատուցելու եկել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԺ ներկա և նախկին մի շարք պատգամավորներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անձնական մեծ կորուստ է իր համար դիվանագետի մահը, եւ Արման Կիրակոսյանի օրինակը պետք է որպես ուղենիշ ծառայի իրենց համար․ «Ես հպարտ եմ, որ նման բարեկամություն է ձևավորվել այս տարիների ընթացքում: Արման Կիրակոսյանի մահը ոլորտի համար էլ է մեծ կորուստ, քանի որ նա դիվանագիտական ընտանիքի լավագույն անդամներից էր»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։