Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Grace 1 սուպերլցանավի ազատագրմանը, որը ձերբակալվել է Ջիբրալթարի իշխանությունների կողմից, եթե երաշխիքներ ստանա Թեհրանից, որ նավը չի ուղեւորվի դեպի Սիրիա, հաղորդում է DW-ը:

Այդ մասին Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է իր իրանյան գործընկեր Մոհամադ Զարիֆի հետ հուլիսի 13-ին կայացած հեռախոսազրույցից հետո: Պաշտոնական Լոնդոնին մտահոգում է նավի վերջնակետի, ոչ թե նավթի ծագման մասին հարցը, ընդգծել է Հանթը:

Բրիտանական նախարարի խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարը հասկացրել էր, որ Թեհրանը չի ձգտում հակամարտության էսկալացիային: Ընդ որում՝ Իսլամական Հանրապետությունը կշարունակի արտահանել նավթ ցանկացած հանգամանքների դեպքում, ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Grace 1-ի տեղաշարժը սահմանափակվել էր հուլիսի 4-ի առավոտյան Ջիբրալթարի նեղուցում Սիրիա անօրինական նավթ մատակարարելու կասկածանքով, որով խախտվում են Եվրամիության պատժամիջոցները: Ջիբրալթարի ղեկավար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով՝ Պանամայի դրոշի ներքո ուղեւորվող նավը մտադիր էր առաքել իր բեռը Սիրիայում նավթամշակող գործարան: Այդ ձեռնարկության սեփականատերը իրավաբանական անձ է, որը հայտնվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում, պարզաբանել է նա: Պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2011 թվականին, ներառում են նաեւ նավթային Էմբարգո:

Մի շարք լրատվականներ հաղորդել են, որ լցանավը նավթ էր տեղափոխում Իրանից: Ավելի ուշ Իսպանիայի ԱԳ նախարար Ջոզեփ Բորելը հայտարարել էր, որ նավը ձերբակալվել էր Մեծ Բրիտանիային ուղղված ԱՄՆ-ի հայցով:

Իր հերթին Իրանը պահանջել է Մեծ Բրիտանիայից անհապաղ ազատել Grace 1-ին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հայտարարել է, որ որպես պատասխան միջոցառումներ՝ Իրանը պարտավոր է ձերբակալել բրիտանական լցանավը, եթե Մեծ Բրիտանիան չկատարի Թեհրանի կոչը: