5 տարի առաջ մահացած Արարատի 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դուստրը մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր մահվան դեպքով հարուցված քրգործը խոչընդոտելու համար: NEWS.am-ի զրույցում Գայանե Հովհանյանը, որ 5 տարի է, ինչ պայքարում է հոր մահվան հանգանքները պարզելու համար։ Նա կարծում է, որ հոր գործը բացահայտված է, սակայն վարչապետի կողմից ցուցում կա, որ այն «ծածկադմփոց» արվի:

«Հարգելի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյան, Դուք անմիջապես մինչև հեղափոխությունը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցիք Գյանջիրով Հովհանյանի սպանողներին անպատիժ թողնելու մասին, իսկ այսօր, որ այդ սպանությունը ոչ ավել, ոչ պակաս արդեն բացահայտված էր, մեր ունեցած տեղեկություններով Ձեր անմիջական ցուցումով, հրահանգվել է, որ այդ սպանությունը մնա «ինքնասպանություն» և այս գործը ծածկադմփոցը Ձեր ձեռքով գնա փակուղի։ Պարոն վարչապետ, մենք ճանապարները փակեցինք Ձեր համար, բայց երկրում պարզապես անուններն են փոխվել։ Եթե միակ վարկածը այն է, որ ճանապարհներ փակելով հարցեր լուծվեն, հավատացեք դժվար չէ։ Եթե Ասլանին և նրա նման տղաների հանցագործություններին աջակցեք, դեռ առաջիկայում նոր հանցագործությունների մասին կբարձրաձայնեմ։ Հուսամ չեմ ստանա տեղեկություն, որ այս դեպքում էլ Ձեր անմիջական ցուցումով կմեղմվի հանցագործների վիճակը»,- ասաց նա:

Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է:

2013 թվականից առ այսօր Գյանջիրով Հովհանյանի գործն ընթացքի մեջ է եւ նրա դստեր խոսքով` ինքը չի թողնի այն փակվի, մինչեւ չբացահայտվի եղելությունը:

Նշենք, որ Նարեկ Ավետիսյանը մեղադրվում է Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու համար: Այժմ գործը քննվում է ինքնասպանության մասով Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում, սպանության մասով գործը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Նշենք, որ մինչեւ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը այս դեպքի վերաբերյալ ելույթ էր ունեցել Ազգային ժողովում եւ ասել, որ դեպքի նախորդ օրը Գյանջիրով Հովհանյանին գործատուները նրան խմբակային ծեծել են, նվաստացրել եւ հաջորդ օրը նրան կախված են հայտնաբերել. «Ոչ մի պատասխանատվության ենթարկված մարդ չկա, հիմա եթե էս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական բաժին եւ այն գրավեն, կասեն՝ ահաբեկչություն է, չէ՞, եթե նույնիսկ համարենք, որ կարող ա լինի նման մենկանաբանություն, սա կարող է լինել ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության, որովհետեւ մարդիկ ելք են ուզում տեսնեն, ինչքան կարաք՝ ասեք, բողոքարկեք, դիմեք, 3 տարիա դիմում են, ոչ մի արդյունք, ինչ անեն էս մարդիկ»: