ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հուլիսի 13-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են, և ուղևորը ներկայացել է որպես վարորդ։ Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղևորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն և մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։

Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։