Վրացական սեւծովյան հանգստավայր Քոբուլեթիի մոտակայքում երեք մինիվենների բախման հետեւանքով տուժել են Վրաստանի քաղաքացի երկու վարորդները, ինչպես նաեւ տասնյակ օտարերկրացիներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա: Բախման հետեւանքով 40-ամյա տղամարդը ստացել էր մահացու վնասվածքներ: Նրա տիկինը հոսպիտալացվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել կնոջ կյանքը:

Միքելաձեի խոսքով՝ ընդհանուր առմամբ Քոբուլեթիի բուժհաստատություններ են տեղափոխվել եւս 11 տուժածներ: Նրանցից երկուսը զոհված ամուսինների 3 եւ 5 տարեկան երեխաներն են:

«Ավտովթարի հետեւանքով տուժել է 13 մարդ: Նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ նրա տիկինը՝ հիվանդանոցում: Նրանց երեխաները ծանր վիճակում են: Երկու զբոսաշրջիկներին անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն: Մյուսիների վիճակը համեմատաբար կայուն է: Տուժածներից միայն երկուսն են ազգությամբ վրացի, որոնք, ենթադրաբար, վարորդներն էին»,- Հանրային հեռուստատեսությունը մեջբերում է Միքելաձեի խոսքերը:

Վթարի պատճառները հայտնի չեն: Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն դեպքի առնչությամբ:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ ՃՏՊ-ում տուժած հնգամյա տղան մահացել է հիվանդանոցում:

Լուրջ վնասվածքներ են ստացել նաեւ ամուսնական զույգի երեխաները՝ եղբայրն ու քույրը: 5-ամյա տղան գտնվում է կրիտիկական վիճակում: Քոբուլեթիի հիվանդանոցից նրան տեղափոխել էին Բաթումիի Մոր եւ մանկան կենտրոն, որտեղ այսօր նա մահացել էր՝ գիտակցության չգալով:

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է արել, որում հայտնել է, որ զոհերի եւ տուժածների շրջանում չեն եղել Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: