Կալիֆոռնիայի վերջին երկրաշարժերն ընդամենը սկիզբն են, ավելի ավերիչ երկրաշարժ տեղի կունենա առաջիկա երկու տարում, կալիֆոռնիական Վենտուրա քաղաքի մոտ։ Այսպիսի կանխատեսում ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում տվել է Սեյսմիկ եղանակի գլոբալ մոնիթորինգի եւ կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի Կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը։

Հուլիսի սկզբին ամերիկյան Ռիջքրեսթ քաղաքի շրջանում (Կալիֆոռնիա) տեղի ունեցավ երկու երկրաշարժ, որոնք ամենահզորն էին վերջին 25 տարում, 6,4 եւ 7,1 մագնիտուդով։ Հուլիսի 12-ին այդ նույն շրջանում տեղի ունեցավ երկրաշարժ՝ 4,9 մագնիտուդով։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան քարտեզներում սեյսմիկ ակտիվությամբ այս վայրն աչքի չի ընկել, չնայած մասնագետները սպասում էին սեյսմիկ ակտիվության Կալիֆոռնիայում։

«6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժերի հավանականությունն այս շրջանում գնահատվում էր մինչեւ 1 տոկոս։ Ընդ որում՝ դրանք տեղի են ունեցել ոչ թե Սան Անդրեաս իջվածքում, այլ դեպի արեւելք։ Այդ մասում ոչ մի անգամ հզոր երկրաշարժ չի եղել։ Եվ սա դեռ վերջը չէ, այլ Կալիֆոռնիայում սեյսմիկ ակտիվության սկիզբը»,- կարծում է Սամվել Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ այդ երկրաշարժերը «փոխել են սեյսմիկ իրավիճակը» եւ թույլ են տալիս հաշվարկել, թե որտեղ եւ երբ կլինի ամենաուժեղ երկրաշարժը»։

«Ամերիկացիները կարծում են, որ երկրաշարժը տեղի կունենա Սան Անդրեաս իջվածքում։ Ես վստահ եմ, որ Սան Անդրեասը հիմա փակ է եւ երկրաշարժը տեղաշարժվում է ճյուղերում, Վենտուրա իջվածքում, որը Լոս Անջելեսի հյուսիսում է, դեպի Սանտա Բարբարա։ Դա կլինի 7,8-7,9 բալանոց ուղղահայաց երկրաշարժ եւ տեղի կունենա երկու տարվա ընթացքում, մինչեւ 2021 թվականի հունիս»,- ասել է փորձագետը։