«Լույսի մոլորակ» կրթական փառատոնը Ստեփանակերտում հյուրընկալել է հազարավոր ծնողների ու մանուկների՝ Արցախի ՄԻՊ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի համակազմակերպմամբ

Հուլիսի 13-ին, Ստեփանակերտում, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի և «Իմ քայլը» հիմնադրամի համագործակցության արդյունքում, կայացել է «Լույսի մոլորակ» ծնողի ու մանկան կրթական փառատոնը՝ իր բազմազան կրթական ու ժամանցային ծրագրերով հյուրընկալելով հազարավոր ծնողների ու երեխաների: Կազմակերպիչ ընկերություն՝ CREO Project Solutions:

Փառատոնը նպատակ ուներ հավասար հնարավորություններ ստեղծել սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումների, ինչպես նաև աջակցելու հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այսպիսի միջոցառումները հնարավորություններ են ստեղծում ոչ միայն երեխաների կրթության ու ինտելեկտուալ ժամանցի, այլ նաև ընտանիքի ներդաշնակ զարգացման համար: Արդյունքում, ստեղծված բավականին բարենպաստ պայմաններն ինքնին նպաստում են մարդկանց բազմակողմանի իրազեկվածության բարձրացմանը և մարդու իրավունքների պաշտպանության հիմքերի ամրապնդմանը: Մենք կարևորում ենք նմանատիպ ներառական ու զարգացնող միջոցառումների կազմակերպումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքավարության պատշաճ մշակույթի զորացման տեսանկյուններից»:

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշել է, որ այս միջոցառմամբ հիմնադրամն գործունեություն է սկսում Արցախում՝ նախատեսելով իր բոլոր ծրագրերն իրականացնել նաև այստեղ:

Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին հեքիաթի անկյուն հայտնի դերասանների հետ, ֆիզիկայի, քիմիայի և այլ բնագիտական առարկաների ինտերակտիվ անկյուններ, արվեստի անկյուն, մանկական թատերական ներկայացումներ, խաղեր և մի շարք այլ ակտիվություններ:

Մինչ երեխաները զբաղված էին իրենց համար նախատեսված զարգացնող ու ժամանցային ակտիվություններով, ծնողները լսել են դասախոսություններ և առաջատար մասնագետների հետ քննարկել իրենց հուզող ամենատարբեր հարցեր, ներառյալ՝ հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան, նորածնային խնամք, կրծքով կերակրելու առանձնահատկությունները, երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում և այլն: