Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կարիք ունի: Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

Փորձագետի խոսքով՝ ԱԷԿ-ն իր գործունակությունը ցույց տվեց 90-ականներին, երբ նորից գործարկվեց, նրա շահագործումը Հրազդանի ՋԷԿ-ի համեմատ 4 անգամ ավելի էժան է:

«Այսօր չկա որեւէ երաշխիք, որ նման վթար կրկին չի լինի: Այնուամենայնիվ, անթույլատրելի է ապատեղեկատվության տարածումը մինչեւ  համապարփակ ուսումնասիրության ավարտը՝  գործողությունների ծրագրի հետագա ներկայացմամբ: Վթարի պատճառները կարող են եւ լուրջ լինել եւ ոչ այնքան, որոնք սակայն, նույնպես կարող են նմանատիպ հետեւանքների հանգեցնել», - նշեց նա:

Ազատյանը շեշտեց, որ երկրի էներգետիկ համակարգը պետք է կարգի բերել, հավելելով, որ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում, հնարավոր կլիներ խուսափել էլեկտրականության անջատումից:

Նշենք, որ հուլիսի 10-ին վթարի հետեւանքով անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ինչը ողջ հանրապետությունով էներգետիկ խափանման պատճաառ էր դարձել: