Հաջորդ տարի օմբուդսմենի գրասենյակը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել դատական համակարգի, դատական պրակտիկայի կատարելագործման հետ կապված հարցերին: Հուլիսի 15-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային բանավեճի ժամանակ այս մասին ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ օրենքի շրջանակում օմբուդսմենն իրավունք ունի դատական իշխանության բարձրագույն մարմնին պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ ներկայացնել:

«Բացի այդ մենք նաեւ դատական նիստերի մոնիթորինգ ենք իրականացնում, մեր աշխատանքը նաեւ այլ միջոցներով ենք իրականացնում: Մարդու իրավունքների վիճակը որոշիչ նշանակություն ունի դատական համակարգում եւ մենք անկախ դատական համակարգ ունենալու գաղափարի կողմնակից ենք», - ասաց Թաթոյանը: Ընդ որում նա նշեց, որ օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության բաժին գոյություն ունի եւ շուտով կսկսի գործել հաշմանդամների եւ թոշակառուների իրավունքների պաշտպանության բաժին:

Արման Թաթոյանը հավելեց, որ բիզնեսի պաշտպանությունը նույնպես կլինի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջնահերթ ուղղություններից մեկը: Իրավապաշտպանը նշեց, որ կարեւոր է նաեւ առանձին խմբերի իրավունքների պաշտպանությունը: Օրինակ, կարեւոր է փախստականների եւ ապաստանի կարիք ունեցողների իրավունքների պաշտպանությունը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ պակաս կարեւոր չէ կանանց  իրավունքների պաշտպանությունը եւ նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը: «Մենք այս, ինչպես եւ մյուս դեպքերում, մեծ նշանակություն ենք տալիս իրազեկությանը եւ պարբերական աշխատանքին», - եզրափակեց օմբուդսմենը: