Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին այսօր՝  հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի և վերջինիս փաստաբանների՝ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին։

Կոնկրետ գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին ՄԻՊ-ը տեղյակ է. «Դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, ինչից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»:

Թաթոյանն ասաց, որ Քոչարյանի կալանավորումից հետո ինքն այցելել է վերջինիս: Այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ՄԻՊ-ի նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգություններով։

«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ  չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա  Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնք վերաբերում են դատարաններին և որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները»,–ասաց Թաթոյանը՝ հավելելով, թե Քոչարյանին տեղեկացրել է, որ մտահոգությունները չեն գտնվում ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակներում: