Ներմուծման ցուցանիշի նվազումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, դրա համար հարկավոր է լուրջ քննարկումներ իրականացնել եւ միջոցներ ձեռնարկել ներմուծման եւ արտահանման ծավալներն իրար մոտեցնելու համար։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասնել այն բանին, որպեսզի անցած տարվա քաղաքական փոփոխությունները վերածվեն տնտեսականի արդեն 2020 թվականին՝ ներդրողների ներգրավման միջոցով, որոնք օպերատիվ եւ հասկանալի փոփոխություններ են ցանկանում։ «Մեր քննադատությունն ուղղված է փոփոխությունների տեմպերի փոփոխությանը, որը որոշակի աստիճանով բավարարում է էներգետիկայի ոլորտում եւ չի բավարարում, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Այս իմաստով կարելի է դիմել հարեւանների, այդ նույն Վրաստանի փորձին»,- նշել է նա։

ԲՀԿ պատգամավորի համոզմամբ՝ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացումը եւ Հայաստանի էներգետիկ պոտենցիալի բարձրացումը եւս 500 մՎտ-ով կարող են նախադրյալներ ստեղծել էլեկտրաէներգիայի արժեքի իջեցման համար, ինչը լուրջ խթան կհանդիսանա տնտեսական այլ նախագծերի իրականացման համար։

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ Բագրատյանը նկատեց, որ արդյունքները շոշափելի կլինեն 2020-ի սկզբին։ «ՀՆԱ աճը 7,1 տոկոսով, անշուշտ, լավ ցուցանիշ է, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այդ ցուցանիշի ներառականությունը, այլ ոչ թե պարզապես թիվը։ Կարեւոր է այն, որպեսզի այդ աճը անդրադառնա բնակչության խոցելի շերտերի վրա»,- ասել է նա։