Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները, ակնհայտ է դառնում որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Վստահ ենք, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ուստի, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար (հեռախոսահամար՝ 011- 513-690, էլ. հասցե՝ [email protected] ):

Հ.Գ. 2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 ճանապարհատրանսպորտային պատահար՝ արդյունքում 114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսներին՝ 1663 պատահար, որից 122 զոհ և 2413 վիրավոր»: