Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են հանցավոր անգործություն, իսկ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր իրավիճակը երկրում միայն խորանում է։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այդ անգործության հետեւանքով խախտվում են օրենքներն առողջապահության, սննդային անվտանգության եւ այլ ոլորտներում։ «Այս իրավիճակի հետեւանքով, որն ստեղծվել է աղբահանման տեսակետից, Հայաստանում կարող են գլուխ բարձրացնել հիվանդություններ, ինչպես դա եղավ, օրինակ, Հաիթիում, որտեղ երկրում տարածվել էր խոլերա»,- նշել է փորձագետը։

Նա նկատել է, որ միայն կոչերով խնդիրը չի լուծվի, եւ պատկան մարմինները պետք է գործեն. հարկավոր է հետազոտություն անցկացնել, գնահատել ռիսկերը, հանդես գալ կոչով, խորհրդով։ «Զարմացնում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեւանյան գրասենյակի լռությունը, աշխատակիցները պետք է հանդես գային հայտարարությամբ՝ հաշվի առնելով, որ խայտառակ վիճակը շարունակվում է արդեն 21 օր»,- ասել է փորձագետը։

Գրիգոր Գրիգորյանն ընդգծել է, որ եթե պետական մարմիններն անզոր են խնդրի լուծման հարցում, այդ ժամանակ պետք է մտածել, որպեսզի փոխեն պաշտոնյաներին՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել թափառող կենդանիների հետ շփումից, որոնք նույնպես կարող են հիվանդությունների կրողներ լինել։