Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պ.-ի վարած «ԳԱԶ 2411» մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի եւ Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ԳԱԶ 2411»-ի ուղեւոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, որոնք ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղեւորուհուն եւ միայն 40 րոպե անց, երբ տեսել են, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել են Սեւանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սեւանի բժիշկները վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի, ով կլինի մոտ 70-75 տարեկան, ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԳԱԶ 2411»-ի վարորդը, ով հետընթաց կատարելու ժամանակ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։