Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը անակնկալ չէր: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե դուք վեր հանեք 1-1,5 ամիս առաջ իմ ելույթները, երբ այս ողջ վեթինգա-սահմանադրադատարանային գործընթացն սկսվեց, ես քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, իսկ այս պահին այդ գործընթացները ոչ թե իրավական դաշտում են, այլ քաղաքական դաշտում, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»,-սաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ հունիսյան նստաշրջանի ժամանակ Ստրասբուրգում ինքը խոսել է Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, որից հետո առկա մտահոգությունները փոխանցել է իշխանություններին, որ չփորձեն Սահմանադրական դատարանի շուրջ այս թնջուկը լուծել քաղաքական պրեսինգի ճանապարհով, որ գնահատականը լինելու է կոշտ:

«Բայց «Իմ քայլի» իմ գործընկերներից մեկը ինձ պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի 1-2 փորձագետի տեսակետը դեռեւս Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետ չէ: Այսօր մենք ունեցանք արդեն Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը:

Եթե գործընթացը մնա քաղաքական դաշտում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլեւ միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով հանդես են գալու»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: