Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջման փորձը լուրջ վնաս էր, որը կառավարությանը ստիպեց մոտ 150 000 պետական աշխատողի աշխատանքից ազատել՝ ոչնչացնելով անթիվ կյանքեր ու սուր ազգայնականության ալիք բարձրացնելով, ինչը Թուրքիային վանեց Արեւմուտքից, գրում է Ahval-ը:

«Հեղաշրջման փորձի ճնշումը Թուրքիայի Հանրապետության պատմության ամենամութ ժամանակաշրջաններից է: Այն հակարեւմտական, հատկապես՝ հակաամերիկյան, ազգայնական ալիք բարձրացրեց»,- կարծիք է հայտնել Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մուստաֆա Ակյոլը:

Անկարան դրանում մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ Արեւմուտքում շատերը դա դավադրություն են համարում:

«Թուրքիայում գրեթե համազգային կոնսենսուս կա՝ կապված այն բանից հետ, որ գյուլենիստներն են հեղաշրջման հիմնական կազմակերպողները»,- ասել է Ակյոլը:

Այդուհանդերձ, կառավարությունը, անկասկած, օգտվում է չստացված հեղաշրջումից:

«Շուտով Թուրքիան վերածվեց «վախի հանրապետության», որըտեղ ավտորիտարության ձգտող Էրդողանի կառավարումը վերածվեց բացարձակ իշխանության»,- նշել է Ակյոլը:

Գյուլենի շարժումը Թուրքիան ահաբեկչական որակեց, եւ կառավարությունը հետապնդում էր նրանց, ովքեր կապ ունեն այդ շարժման հետ:

«Գյուլենի հետ ասոցացման փոքրիկ ակնարկը կյանքեր էր փլուզում»,- հայտնում է France Press գործակալությունը:

Պարբերականը գրում է, որ այդ անհաջող փորձից օգտվեց նաեւ Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ կապերն ամրապնդելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արագ կապ հաստատեց էրդողանի հետ, իսկ կրեմլամետ ԶԼՄ-ները հեղաշրջմանն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մասնակցության մասին նորություններով ուժգնացրեցին Թուրքիայում հակաամերիկանիզմը:

«Այդ պատճառով Թուրքիան գնեց ռուսական Ս-400 համակարգերը՝ չնայած Վաշինգտոնի հակառակ պնդումներին: Եվ ակնկալվող ամերիկյան պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանն ու հակաարեւմտյան տրամադրություններ սադրել»,- հավելել է Ակյոլը: