Վենետիկի հանձնաժողովի կարծիքn ընդամենը Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, իսկ մենք, մեր երկիրը կառուցելու գործում, պետք է սեփական տեսակետներն ունենանք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Առանց այդ կարծիքի էլ պարզ էր, որ անցումային արդարադատությունը, դատարանների բլոկադան, վեթինգը մտածված գաղափարներ չէին, դա ընդամենը PR արշավ էր։

Նման ցուցակը կարելի է շարունակել․ Ուղիղ Ժողովրդավարություն, 2,5 միլիարդ բանակին հատկացնելու խոստում, Սահմանադրության փոփոխություն, Ընտրական Օրենսգրքի փոփոխություն, Կուսակցությունների մասին նոր օրենք, կոռուպցիայա չլինելը, կառավարության դուռը ժողովրդի դուռը լինելը ընդամենը անպատասխանատու հայտարարություններ էին ու ունեին ու ունեն մեկ նպատակ, ինչ-որ կերպ մարդկանց համոզել, որ եղել է հեղափոխություն, այլ ոչ թե իշխանափոխություն, որը կարող էր լինել նաեւ ընտրությունների միջոցով, եթե ընտրական համակարգը աշխատեր։

Հեղափոխության մասին ստեղծված միֆը գործող իշխանությանը պարտադրում է ոչ թե էֆեկտիվ կառավարմամբ զբաղվել, այլ ամեն ինչ անել համոզելու համար, որ եղել է հեղափոխություն, արդյունքում առաջին պլան են գալիս մարդիկ, որոնք ծառայում են այդ միֆին՝ ավանտյուրստ իրավաբաններ, ինքնահռչակ ՍԴ նախագահ, պատգամավորներ, որոնցից խնդրում են լռել, որ վերջնականապես չհեղինակազրկվի այս խորհրդարանը, այնինչ պատգամավորի գործը հենց խոսելն է։

Դա չի նշանակում, որ իշխանափոխությունը պետք չէր, որ նախկինում լավ իշխանություն ենք ունեցել, որ կոռուպցիա չկար, որ քաղաքականությունը ճահճի չէր երածվել եւ այլն։ Դա նշանակում էր, որ մի չարիքից ընկել ենք մյուս չարիքի գիրկը, իսկ պետություն կառուցում են սթափ մտքով, առանց մարդկանց մոտ բացասական զգացմունքներ հրահրելու եւ դրանք օգտագործելու սեփական՝ նեղ անձնական նպատակների համար։

Ակնհայտ է արդեն, որ նման խորհրդարանը երկար չի գործել»,– նշել է նա։