ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով:

«Հայաստանն իսկապես շատ գեղեցիկ է, այնտեղ ուրախ է, ամեն ինչ համեղ է: Տեղի հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում: Գիտեք՝ ինչն է ամենաֆանտաստիկը, ինձ ընդունեցին տարբեր մարդիկ՝ լրագրողներ, պաշտոնական անձինք, հասարակական, մշակութային գործիչներ եւ այլք: Ընդ որում, քննարկվել են բարդ քաղաքական եւ պատմական, հաճախ ցավոտ թեմաներ… Ինձ ցնցեց և ցնցում է այն, թե ինչպես շատ բռնկուն մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և անձնական արժանապատվության հարցերն ազգային հպարտության մասն են կազմում, հնարավորություն ունեն հարգանքով շփվել և խոսել ամենաբարդ թեմաների շուրջ: Դա մշակույթի եւ ոչ բոլորին բնորոշ հատկանիշ է»,- ասել է Զախարովան: