Հայաստանում նախապատրաստվող վեթինգի, նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում, եւ ըստ էության վերջակետ է դրել այդ նախաձեռնություններին։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը համաձայնություն է ձեռք բերել, որ բոլոր դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Մյուս կարեւոր շեշտադրումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին: Հանձնաժողովը հայտարարել է՝ հստակ եւ աներկբա սահմանված է, որ ՍԴ նախագահը եւ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել։

Այս զեկույցին շուտով արձագանքեց Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ կարծիք հայտնելով, թե խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը։ Նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, որ պետք է օբյեկտիվ գործիքներով գնահատվի դատավորների բարեվարքության ու գույքային դրությունը։  Այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա: Իսկ Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախարարությունը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սեւանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակեցին Երեւան-Սեւան մայրուղին։ Մի քանի շտապող վարորդներ վեճի բռնվեցին ցուցարարների հետ։

Ակցիան շարունակվեց Սեւանի քաղաքապետարանի դիմաց։ Ցուցարարները պնդում էին, որ Սեւանի փոխված գույնը վտանգավոր չէ, ամեն տարի էլ կանաչում է, եւ հակասեւան քարոզչություն է սկսվել ընդամենը բիզնեսի համար։

Նրանք պահանջում էին հերքել լուրը, որ լճի ջուրը թունավոր է, եւ հերքել ֆլեշմոբով։ Պատասխանատու բոլոր պաշտոնյաները հրավիրվեցին Սեւան լողալու։ Առաջինը ջուրը մտան Գեղարքունիքի մարզպետը եւ Սեւանի քաղաքապետը։

Ցուցարարների մի խումբ էլ փակել էր ճանապարհի Գագարինի հատվածը։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ անցնում էր այդ կողմով,  հանդիպեց նրանց, առաջարկեց մինչեւ չորեքշաբթի սպասել հերքող հայտարարության։ Նրա հորդորով ցուցարարները բացեցին ճանապարհը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, ավելի հայտնի որպես ավիացիայի սիրուն աղջիկ, այսօր ասուլիս էր հրավիրել եւ անդրադարձել նաեւ իրեն այդ անունով կնքած Էդմոն Մարուքյանին։ Նա նաեւ արդյունքներից խոսեց։ Ասաց՝ առաջարկել են, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համար, նաեւ հայտարարեց, որ որ գրեթե բոլոր ուղղություններով չվերթները շատացել են։

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լուռու մարզում, Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհի վրա հսկայական քարեր են թափվել՝ խիստ վնասելով մի քանի մեքենաներ։ Երկու հոգի՝ վարորդներից մեկի կինն ու դուստրը տեղում մահացել են։ 35-ամյա վարորդը  ողնաշարի գոտկային հատվածի եւ մարմնի այլ մասերի վնասվածներով հոսպիտալացվել է։ Այժմ նրա վիճակը կայուն ծանր է։

Երեկ երեկոյան 9-ից խոշոր հրդեհ էր բռնկվել Ծիծիեռանակաբերդի հուշահամալիրի հարեւանությամբ։ «Բիս 1» կանչով հրշեջների նախ 6 մարտական հաշվարկ է մեկննել դեպքի վայրը, ընթացքում նրանց միացել է եւս երեք մարտական հաշվարկ, 67 հրշեջ է պայքարել կրակի դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է նախարար Ցոլակյանը: Միայն գիշերը 1-ին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, այնուհետեև մարել։ Այրվել է մոտ 20 հեկտար կանաչ տարածք։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 537 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 598, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 61 դրամ։

Հայաստանում հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։