Դատավորների գույքային հարցերը, նաեւ բազմիցս հրապարակված այն տեղեկությունները, որ շատ դատավորներ իրենց պաշտոնավարման ժամանակ մեծ քանակությամբ հարստություն են կուտակել, այս բոլոր խնդիրներն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում համապատասխան մարմինների կողմից քննվելու են եւ հասարակությունն ամբողջությամբ պետք է պատասխաններ ունենա յուրաքանչյուր դատավորի մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով Վենետիկի հանձնաժողովի զեկուցից հետո վեթինգ անցկացնելու մասին։

«Մենք պետք է հասկանանք, թե խորհրդապահական բնույթի փաստաթուղթն ինչպես է հայտնվել լրատվամիջոցների էջերում։ Մենք պետք է հարցեր ուղղենք Հայաստանի ներկայացուցիչներին Վենետիկի հանձնաժողովում եւ լրջագույնս հետեւություններ անենք, հասկանալու համար թե ինչպես է այդ ամենը հրապարկվել»,–նշեց նա։

Հարցին՝ հանրությանը այդպես էլ հայտնի չէ՞ր դառնալու այդ զեկույցի բովանդակությունը, եթե այն չհայտնվեր լրատվամիջոցների էջերում, վարչապետի մամուլի խոսնակը նշեց. «Վենետիկի հանձնաժողովը հարաբերվում է պետությունների հետ հայտարարություններով եւ նամակներով, գրություններով։ Վերջինը ինչպես հիշում եք Վենետիկի հանձնաժողովի նախագահի Ջանի Բուքիքիոյի նամակն էր, դա է պատշաճ ձեւը պաշտոնական հարաբերությունների, իսկ այն ինչ հրապարակվել է՝ ներքին փաստաթուղթ է եւ պետք է հասկանանք, թե ինչպես է տարածվել»։

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն այսօր առավոտյան սոցցանցում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող արձանագրությունը։

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում ի թիվս այլ դիտարկումների նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» ձեւակերպումների շուրջ վեճը, իսկ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»։