Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ստեվո Պենդարովսկին, հաղորդում է Reuters-ը:

«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ամսաթիվ կնշանակի: Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները մոտակա ամիսներին կվավերացնեն Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին համաձայնագիրը»,- ասել է նա Սլովենիա այցի ընթացքում:  

Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության հետ, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հողերի փոխանակման մասին պոտենցիալ գործարքը:

«Սահմանները պետք է մնան այնտեղ, որտեղղ կան: Ցանկացած փոփոխություն կարող է դոմինոյի էֆեկտ ստանալ, որը վնաս կհասցնի տարածաշրջանի երկրներին, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիային»,- ասել է Պենդարովսկին՝ հավելելով, որ դա կարող է զինված հակամարտության հանգեցնել: