Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 40-ամյա Հենրիկ Հ.-ն Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Սևակ Մ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Հենրիկ Հ.-ի ուղևորներ Արարատ քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Հ.-ն և վարորդ Սևակ Մ.-ն և նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 31-ամյա Արթուր Ա.-ն, 29-ամյա Բաբկեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հենրիկ Հ.-ն՝ Արարատի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Հենրիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի: