Չինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգի ավելի քան 7,42 մլն բնակիչ 2019-ի երկրորդ եռամսյակում հայտնվել է տարերային աղետների գոտում, մամուլի ասուլիսում ասել է նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Սյաո Լիմինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հազվադեպ անձրեւները եւ բարձր ջերմաստիճանները նահանգում այս տարվա մարտի վերջից դարձել են երաշտի պատճառ։ Երաշտի գագաթնակետը մայիսի 21-ին էր, երբ այն գրանցվեց նահանգի տարածքի մեծ մասում՝ 66 տոկոսում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում երաշտի պատճառով աղետի գոտում է հայտնվել 6,9 մլն մարդ 16 քաղաքներում եւ 95 գավառներում, ուղղակի տնտեսական վնասը կազմել է 6,5 մլրդ յուան (965 մլն դոլար)»,- տեղեկացրել է Սյաո Լիմինը։

Նա ավելացրել է, որ այս տարի անձրեւների սեզոնը ուշացել է 29 օրով, ինչը պատմական ռեկորդ է։

Նրա խոսքով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում նահանգում եղել են երաշտներ, հեղեղումներ, երկրաբանական բնույթի աղետներ, երբեմն՝ երկրաշարժեր եւ կարկուտ։

«Աղետի գոտում հայտնվել է 7,42 մլն մարդ 16 քաղաքներից եւ 103 գավառներից, տնտեսական վնասը կազմել է 7,18 մլրդ յուան (1,05 մլրդ դոլար)»,- ասել է Սյաո Լիմինը՝ ավելացնելով, որ հունիսի 22-ից հուլիսի 10-ը նահանգում չորս անգամ գրանցվել է ուժեղ երաշտ, որը հետո փոխարինվել է ուժեղ հեղեղումներով։

«Հեղեղումների եւ երկրաբանական աղետների հետեւանքով այս տարվա երկրորդ եռամսյակում աղետների գոտում է հայտնվել 112,2 հազար մարդ 10 քաղաքներում եւ 21 գավառներում, յոթ մարդ զոհվել է, 4,8 հազար մարդ տարհանվել է անվտանգ վայրեր։ Ուղղակի տնտեսական վնասը կազմել է 244 մլն յուան (3,5 մլն դոլար)»,- նշել է նա։