2016 թվականի հուլիսի 17-ին զինված ահաբեկչական խմբավորումը գրավեց Երեւանի ՊՊԾ գունդը, ինչի արդյունքում եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին ոստիկաններ, թալանվեց բանկոմատ, այրվեցին, ոչնչացվեցին ծառայողական ավտոմեքենաներ եւ պետական այլ գույք: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այդ ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ովքեր չընկրկեցին եւ զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Կրակոցները, որոնց զոհ գնացին մեր ոստիկանները, իրավամբ կրակոցներ էին նաեւ մեր պետության, մեր պետականության դեմ:

Զոհված ոստիկանների հիշատակը ոգեկոչելու նպատակով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ս/թ հուլիսի 17-ին՝ ժամը 13:00-ին ծաղիկներ կխոնարհի ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ «ՎԵՏՕ»-ի կազմակերպած խոնարհումի եւ ոգեկոչման արարողությանը»: